Մշտապես ասել եմ՝ Ռուսաստանը բարեխիղճ դաշնակից չէ, բայց կարող է սարսափելի թշնամի լինել:
Լսողն ո՞վ էր:
Նույնիսկ Երևանի ավագանու ընտրությունների համատեքստում դիմեցին աննախադեպ արկածախնդրության. իրենց մարդուն քաղաքապետ կարգելու համար հակառուսական հիստերիան դարձրեցին պետական քաղաքականության առանցք: Հռոմի ստատուտն ու տիկնոջ այցը Բուչա ձեզ օրինակ:
Մշտապես ասել եմ Արևմուտքը որևէ շահ չունի Հայաստանի հետ դաշնակցելու՝ ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի:
Լսողն ո՞վ էր:
Արցախը հայտնվեց հրի ու սրի մեջ, Արցախ է՛լ չունենք ու կրկին «անգլիական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները». «հումանիտար» Արևմուտքը նույնիսկ պատժամիջոցներ չի պատրաստվում կիրառել Ադրբեջանի դեմ:
Մշտապես ասել եմ, որ ստրատեգիական կողմնորոշում փոխելու փորձը կործանարար է լինելու Հայաստանի համար:
Լսողն ո՞վ էր:
Ազգակործան պատուհասի գլխում մշտապես «ֆանտաստիկ» պլաններ են՝ մինչև պատերազմը քաղաքակրթության լուսանցքում հայտնված այս պրովինցիալին հանգիստ չէր տալիս Տիգրան Մեծի, հիմա՝ Զելենսկիի փառքը:
Իհարկե՝ Արցախի փլատակների, Հայաստանի տարածքների ու մեր լավագույն տղաների կյանքերի հաշվին: Նման «ինքնիշխանականության» գինը ռուսական գուբեռնիա դառնալն է, եթե իհարկե՝ 100 տարվա առաջվա օրինակով մեր հայրենիքի բեկորները հավաքելու ու մեզ «փրկելու» որևէ ցանկություն հյուսիսում ունեն:
Մշտապես ասել եմ, որ արկածախնդիր այս խմբակին հեռացնել է պետք, բայց ոչ թե Մեդվեդևի կամ Դուգինի գրածով կամ Վիլսոնի իրավարար վճռով տոգորված, այլ դեմոկրատական կառավարելի գործընթացի միջոցով՝ մեր Հանրապետությունը փրկելու, ոչ թե նրա փլատակների վրա իշխելու առաքելությամբ:
Լսողն ո՞վ էր:
ՈՒ վերջապես՝ Հայաստանին պետք է նոր իշխանություն, որը գնալու է շատ ցավոտ լուծումների՝ առանց պատմական երազանքների, սեփական վարկանիշի ու հեղինակության հաշվին:
Բայց՝ Հանրապետությունը փրկելու, մի ամբողջ ժողովուրդ գաղթական չդարձնելու իմպերատիվով:
Եթե այս անգամ էլ լսող չլինի, հաջորդ անգամ մեր դուռը թակելու է Ալեքսանդրապոլի դառնահամը՝ դրան նախորդած պատրանքների երազախաբությամբ ու սեփական հայրենիքի փլատակների ուրվականով:
... Ու երբեք չմոռանաք, որ Երրորդ Հանրապետության առաջին տարիներին ունեցել ենք փառավոր հաղթանակ, հետո՝ Հաղթանակի ու Խաղաղության ուրացում:
Դրա ընդերքից ծնվեց այսօրվա «Մելիք Շահնազարը», ով պատրաստ է անգամ Երևանի բանալիները հանձնել «Փանահին»՝ իր հեղափոխական ցնորքները կյանքի կոչելու համար:
Այս ճշմարտությունները հասկանալ պետք է՝ Հանրապետությունը փրկելու համար, ցավոք, մոխրի վերածված Արցախից միայն վերև բարձրացող ծուխն է մնացել:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ